Թոմ Սոյերի արկածները

 

Մարոն շատ վառ երևակայություն ուներ։ Միշտ տարբեր պատմություններ էր հորինում, որոնք ես բերանս բաց լսում էի։ Ես կարդալ չգիտեի, իսկ ինքը արդեն դպրոց էր գնում։ Էն ժամանակ բարձրահասակ էր ինձ թվում։ Ուներ կարճ սև մազեր, թուխ մաշկ։ Մարոն իմ համար գրքեր էր կարդում։ Պատմում էր Թոմ Սոյերի մասին։ Ասում էր, որ Թոմը հայտնի հարուստ արիստոկրատ էր, որը դղյակում էր ապրում։ Շատ մեծ, գեղեցիկ դղյակում և հյուրեր էր ունենում հաճախ և պարահանդեսներ կազմակերպում։ Պատմում էր Թոմի երեխայի մասին, որը մեծացավ` պալատի դարակներում ապրելով և էնտեղ ուտելիք գտնելով։ Հետո Մարոն անհետացավ իմ կյանքից։ Երևի գնաց ուրիշ քաղաք, չգիտեմ։ Ես մեծացա ու սկսեցի փնտրել Թոմի դղյակը։ Դղյակը մի օր գտա տատիկիս տուն գնալու ճանապարհին՝ հինգերորդ դպրոցի մոտ։ Ամեն անգամ էդտեղով անցնելիս պատկերացնում էի, որ Թոմը ներսում է։ Քայլում է դանդաղ իր մեծ դղյակում երկար թիկնոցով ու ունի շեկ գանգուր մազեր։ Տեսնես՝ արկածներ ունենում էր, թե՞ իրեն միայնակ էր զգում, տեսնես դեռ կայի՞ն պարագանդեսներ իր դղյակում, թե՞ միայնակ էր։

Բայց մի օր, երբ մեծացա, պարզեցի, որ Մարոն ինձ խաբել էր։ Ամբողջ պատմությունը ինքն էր հորինել, ոչ թե Մարկ Տվենը։ Ու Թոմը 12 տարեկան տղա էր ու դղյակ չուներ։ Ու չկային պարահանդեսներ, չկային պալատականներ, չկային թիկնոցներ, չկար դարակներում մեծացող երեխա ու չկար միայնություն, իսկ դպրոցի մոտի դղյակը ռեստորան էր։







Comments